Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իգոր Սեչին` աջակի՞ց, թե՞ մրցակից Պուտինին

Իգոր Սեչին` աջակի՞ց, թե՞ մրցակից Պուտինին
10.09.2017 | 01:52

Ռուսաստանի էներգետիկ եկամուտների կրճատմանը զուգահեռ` վերջին տարիներին «Ռոսնեֆտը» ագրեսիվ ամրապնդում է դիրքերը: Նավթային հսկան հույս ունի մեծացնել ազդեցությունը, որ փոխի էներգետիկ հատվածի դասավորությունը`վերջ դնելով իր մրցակից «Գազպրոմի» բնական գազի արտահանման մոնոպոլիային: «Ռոսնեֆտի» աճող ազդեցությունը նրա ղեկավար Իգոր Սեչինին թույլ տվեց դուրս գալ էներգետիկ քաղաքականության շրջանակներից` կոնֆլիկտ սկսելով անձնական հակառակորդների հետ, որ կարող է հարուցել նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը: Բայց եթե Պուտինը որոշի հանել Սեչինին պաշտոնից, հետևանքները դուրս կգան ՌԴ էներգետիկ հատվածի սահմաններից` բոլորովին այլ մասշտաբներ ստանալով` իր զեկույցում նշում է Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնը: Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց համախմբել իշխանությունը 2000-ականների կեսին, նա ամրապնդեց նաև երկրի էներգետիկ հատվածը: Պուտինը վերահսկում էր երկու խոշոր էներգետիկ ընկերությունների` «Ռոսնեֆտի» ու «Գազպրոմի» ստեղծումը, նաև մի քանի տարածաշրջանային ընկերությունների: Իրենց ստեղծումից հետո «Ռոսնեֆտն» ու «Գազպրոմը» Կրեմլի ամենաարժեքավոր ակտիվներն են եղել, որոնց եկամուտները ծածկել են ՌԴ պետբյուջեի կեսը և կազմել են ՀՆԱ-ի 25 %-ը, երբ վառելիքի գինը բարձր էր: «Ռոսնեֆտն» ու «Գազպրոմը» մնում են ՌԴ ռազմավարական ակտիվներ, նույնիսկ երբ նրանց եկամուտը կրճատվել է նավթի գնանկումից հետո` 2014-ի կեսերին: Բայց եկամտի կրճատումը ստիպեց կրեմլյան էլիտաներին մրցել, որ ստանան կարկանդակի ամենամեծ կտորը: Ամենաագրեսիվ մրցակիցը դարձավ «Ռոսնեֆտը»` Իգոր Սեչինի հավակնոտ մենեջերությամբ: «Ռոսնեֆտը» ամեն կերպ ջանում էր առաջ անցնել իր մրցակից «Գազպրոմից», որ ամրապնդի ազդեցությունը երկրի ամբողջ էներգետիկ հատվածում:


«Գազպրոմը» երկար ժամանակ Կրեմլի ամենասիրելի էներգետիկ գործընկերն էր, պահպանելով բնական գազի արտահանման մոնոպոլիան: «Գազպրոմի» գերիշխող դիրքը գազի արտահանման շուկայում Մոսկվայի ձեռքին օգտակար գործիք էր նախկին խորհրդային հանրապետությունների, Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերություններում: Բայց գազի համաշխարհային գների անկումը, Եվրոպայում, Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիոն մի քանի նախագծեր սահմանափակեցին այդ տարածաշրջաններում «Գազպրոմի» ազդեցությունը, որ իր հերթին թուլացրեց Կրեմլի դիրքերը: «Ռոսնեֆտն» օգտագործեց ստեղծված իրավիճակը: Հիմա, երբ նրա մրցակիցը թուլացել է, ընկերությունը սկսում է նոր ակտիվներ ներգրավել: 2016-ի հոկտեմբերին «Ռոսնեֆտը» փակեց մեծությամբ վեցերորդ «Բաշնեֆթ» ընկերության գնման գործարքը, նույնիսկ այն դեպքում, երբ Պուտինը անձամբ զգուշացրեց չանել: «Ռոսնեֆտը» ի վերջո հաղթեց` համաձայնելով Կրեմլին թույլ տալ սեփականաշնորհել իր ընկերության ակտիվների մեծ մասը` «Բաշնեֆտը» գնելու թույլտվության դիմաց:


«Ռոսնեֆտը» արագ զարգացնում էր «Գազպրոմի» հետ իր մրցակցությունը: Հունիսին ընկերությունը փոխարինեց իր տնօրենների խորհրդի երկու անդամների, որ «Գազպրոմի» նկատմամբ չեզոք դիրք ունեին, նոր բաժնետերերով: Եվ հիմա նավթային ընկերությունը, որ այլևս շահագրգռված չէ մնալ սեփական էներգետիկ գոտում, աչքը դրել է բնական գազի սեկտորին, որտեղ այդքան երկար գերակայում էր «Գազպրոմը»: «Ռոսնեֆտը» գազի հանույթը 2012-ի 2 միլիարդ խորանարդ մետրից հասցրեց 67 խորանարդ մետրի 2016-ին, իսկ 2020-ին ծրագրել է 100 միլիարդ: Դա առայժմ քիչ է «Գազպրոմի» հանույթի ծավալների մեկ քառորդից, որով «Գազպրոմը» պատրաստ է կիսվել: Բացի այդ` «Ռոսնեֆտն» առաջարկում է գնագոյացման ավելի ճկուն մեխանիզմներ` Ռուսաստանում ու արտասահմանում մրցակցի հաճախորդներին իր կողմը գրավելու համար, որը տարտղնում է «Գազպրոմի» նյարդերը ու ստիպում նույն օրինակին հետևել: «Ռոսնեֆտի» մարտավարությունն է` օգտագործել իր բարձրացող կարգավիճակը քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: Ընկերությունն առավել ու առավել ակտիվ է համագործակցում արտասահմանյան երկրների հետ` Եգիպտոս, Լիբիա, Հնդկաստան, Վենեսուելա, Գերմանիա, Սիրիա ու Չինաստան: Այդ հարաբերությունները համընկնում են Կրեմլի շահերի հետ: Առայժմ հասկանալի չէ` «Ռոսնեֆտը» գործում է Կրեմլի խնդրանքո՞վ, թե՞ այդքան հաջող են դասավորվում հանգամանքները, բայց ինչ էլ լինի, «Ռոսնեֆտի» գործողությունները հիմա էականորեն համընկնում են Մոսկվայի արտաքին քաղաքական նպատակների հետ, որ ընկերությանը տալիս է ազդեցության քաղաքական լծակներ: «Ռոսնեֆտի» հիմնական նպատակներից մեկն է Կրեմլին համոզել վերջ դնել խողովակաշարերով բնական գազի արտահանման մենաշնորհին: Սեչինի գլխավորությամբ ընկերությունը որոշակի առաջընթաց ունի: Օգոստոսի սկզբին ռուսական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Ռոսնեֆտը» փակ հանդիպումներ է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի տնտեսական ու սոցիալական անվտանգության հանձնաժողովի հետ: Հանձնաժողովը խորհուրդ է տվել ազատականացնել գազի արտահանումը, իսկ ՌԴ հակամոնոպոլային դաշնային ծառայությունը կանխատեսել է, որ ազատականացումը կարող է սկսվել 2018-ին, թեպետ էներգետիկայի նախարարությունը ակնարկում է 2020-ը: Գազի արտահանման փուլային ազատականացումը չափազանց ձեռնտու է «Ռոսնեֆտին», հնարավորություն տալով նախ կենտրոնանալ խողովակաշարերով արտահանման վրա` դեպի Ասիա: Հիմա «Գազպրոմը» վճռական է դառնալ միակ ընկերությունը, որ կօգտագործի կառուցվող «Սիբիրի ուժ» խողովակաշարը` Չինաստան գազի մատակարարման համար: Սակայն Պեկինը ցանկանում է իր շահը ստանալ ռուսական էներգետիկ հսկաների մրցակցությունից: Վերջին ամիսներին «Ռոսնեֆտը» մի քանի գործարքներ կնքեց չինական ընկերությունների հետ բնական գազի ոլորտում և հույս ունի տարածաշրջանի ազատականացման վերջնական քայլի, որ կբացի ամբողջական ազատականացման դռները բոլոր տարածաշրջաններում: Աճող մրցակցությունը օգուտ է բերելու չինացիներին, եվրոպացիներին ու թուրքերին:


«Ռոսնեֆտի» ֆինանսական ու քաղաքական հաջողությունները ամրապնդել են նրա ղեկավարի ինքնավստահությունը: Հիմա Սեչինը, որ բազմամյա հարաբերություններ ունի ռուս քաղաքական ծանրքաշայինների հետ և հզոր դաշինք Անվտանգության դաշնային ծառայության, օգտագործում է իր աճող ազդեցությունը` թշնամիներին թիրախավորելու համար: 2016-ի նոյեմբերին ՌԴ էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը ձերբակալվեց կաշառակերության և շորթումի մեղադրանքով: Թերևս ամենաբարձրահունչ ձերբակալությունը հետխորհրդային Ռուսաստանում: ՈՒլյուկաևը Պուտինի կողմնակիցների մեծ ճամբարից էր, որ երկար տարիներ մարտնչել է Սեչինի ու «Ռոսնեֆտի» հետ: Դատարանում ՈՒլյուկաևը պնդում էր, որ գործը սարքել են Սեչինն ու ԱԴԾ-ն (Պուտինի վերաբերմունքը Սեչինի ռեժիսորությամբ` իր ձերբակալված կողմնակցին պարզ չէ)։
Վերջերս Սեչինը քաղաքական մարտի մեջ մտավ Պուտինի մեկ այլ զինակցի` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, որ «Ռոսնեֆտին» մեղադրում էր Չեչնիայում գործարան կառուցելու պարտականությունները ձախողելու մեջ: «Ռոսնեֆտը» հերքում է մեղադրանքը, հայտարարելով, որ տեխնիկական ուսումնասիրություններ է կատարում: Բայց կոնֆլիկտն ավելի խորքային դիմակայություն է երևան հանում «Ռոսնեֆտի» ու Չեչնիայի միջև, որ վաղուց «Ռոսնեֆտից» պահանջում էր իր ակտիվները փոխանցել հանրապետության կառավարությանը ներդրումների բացակայության պատճառով: Միաժամանակ` Սեչինի զինակիցները ԱԴԾ-ում պայքարում են հանրապետության անվտանգության ուժերում առավել ազդեցիկ դիրքերի համար:


Սեչինը բիզնեսը անձնական վրեժխնդրության հետ է խառնել ևս մեկ ասպարեզում` դատի տալով «Բաշնեֆտի» նախկին տիրոջը` ԱՖԿ «Սիստեմա» ներդրումային ընկերությանը` «Բաշնեֆտին» իբր վնասներ պատճառելու համար: Օգոստոսին դատարանը «Սիստեմային» պարտավորեցրեց «Ռոսնեֆտին» 2,3 միլիարդ դոլար վճարել` վերակազմավորման ժամանակ «Բաշնեֆտի» ակտիվները հանելու համար: «Ռոսնեֆտի» ազդեցության սրընթաց աճը և Սեչինի քաղաքական հաղթանակները հարց են հարուցում` ուժից վեր բեռ չի՞ վերցնում նա: Հաշվի առնելով «Ռոսնեֆտի» նշանակալից մասնաբաժինը Ռուսաստանի էներգետիկ հատվածում և Սեչինի բազում կապերը ԱԴԾ-ի ու օլիգարխների հետ, «նավթային արքան», հավանաբար, Պուտինից հետո երկրորդ մարդն է Ռուսաստանում: Տարբեր պատճառներով` տնտեսական ստագնացիայից մինչև քաղաքական պայքար ու սոցիալական խնդիրներ, Պուտինն ավելի ու ավելի մեծ սպառնալիք է զգում Ռուսաստանի ներսում տարբեր խմբերի կողմից: Իր հավակնություններով, որոնց հաջողության համար պատրաստ է ամեն ինչի, Սեչինը դառնում է այդ խմբերի թիկունքում կանգնած գլխավոր շարժիչներից մեկը: Պուտինն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է հեռացնել կրեմլյան էլիտայի նշանակալից ներկայացուցիչներին, նույնիսկ նրանց, ովքեր, ինչպես Սեչինը, տասնամյակներ իր կողքին են եղել: Սակայն իր հզոր դաշնակիցներով ու մեծ ազդեցությամբ Սեչինը այն ուժային օլիգարխներից է, որ կարող է չափազանց մեծ լինել անկման համար: Նրա անկումը կարձագանքի «Ռոսնեֆտի» և նրա անձնական կապերի սահմաններից շատ հեռու` սպառնալով Ռուսաստանի կայունությանը: Բայց ռուսական ԶԼՄ-ների ու դիտորդների հաղորդումների համաձայն, ինչպես նշում է ԱՄՆ-ի մասնավոր հետախուզությունը, Պուտինն իր շուրջը կառուցում է ազդեցիկ կողմնակիցների պատ` Կադիրով, Չեմեզով, Սուրկով, Մեդվեդև, Վոլոդին, Կովալչուկ և այլք: Թեպետ նրա կողմնակիցների մեծ մասին պակասում են հզոր ակտիվները, որ ունի Սեչինը, նրանք Պուտինին լրացուցիչ հնարավորություններ են տալիս: Օրինակ, ՌԴ նախագահը կարող է ամրապնդել թուլացող «Գազպրոմը»` ղեկավար նշանակելով քաղաքականապես ուժեղ Դմիտրի Մեդվեդևին: Նա արդեն զարգացնում է Ազգային գվարդիան, որ անմիջապես իրեն է ենթարկվում և կարող է դառնալ ԱԴԾ-ի հակակշիռ:


Սեչինն ու «Ռոսնեֆտը» Կրեմլի ներսում իշխանության համար ավելի մեծ պայքարի մասն են: Ռուսաստանն ավելի ու ավելի անկայուն է դառնում, այդ պատճառով Պուտինին ավելի ու ավելի շատ է սպառնում ռեալ քաղաքական հակառակորդի դեմ հանդիման մնալու վտանգը, որ կարող է սպառնալիք դառնալ նրա իշխանությանը: ՌԴ նախագահի համար Սեչինի ազդեցության սողացող տարածումը և «Գազպրոմի» ու «Ռոսնեֆտի» դիմակայությունը լիովին կարող են քաղաքական սպառնալիքների մունետիկներ դառնալ:

Stratfor


Հ.Գ. Ալեքսեյ ՈՒլյուկաևի դատավարության ընթացքը ցույց է տալիս, որ ՌԴ նախագահը հստակ գիտակցում ու զգում է Իգոր Սեչինի հզորացման վտանգները, պարզապես տնտեսական առումով Սեչինը նրան դեռ պետք է, իսկ քաղաքական առումով նա վստահ է, որ իր լծակներն ավելի ծանրակշիռ են ու կասկածի տեղիք չեն տալիս: Ռուսական քաղաքականության մեջ անկանխատեսելիությունն ավելի ծանրակշիռ գործոն է, քան կանխատեսումն ու օրինաչափը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ